Թղթադրամի միջազգային հանրություն» կազմակերպության (International Bank Note Society, IBNS) կողմից հայտարարված «2016թ․թվականի լավագույն թղթադրամ» մրցույթին ներկայացվել է նաև վրացական 50 լարի արժեքով թղթադրամը: Այս մասին «Թղթադրամների Օսկար» վերնագրված հոդվածում գրում է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը:
Տնտեսական վերլուծական պարբերականը նշում է, որ վրացական 50 լարի արժեքով թղթադրամը միջնադարյան պատկերագրություն ունի։ Վրացական թղթադրամի մասին ասված է նաև, որ պատկերված է Թամար թագուհին, որը Վրաստանը ղեկավարել է 1184-1213 թվականներին: Նրա գահակալման տարիները հայտնի են որպես Վրաստանի «Ոսկե դարաշրջան»:
Վրացական թղթադրամն ունի թաքնված ներգիծ, պաշտպանիչ թել ու նշան։
IBNS –ի կողմից հայտարարված տարվա լավագույն թղթադրամի կոչման համար պայքարում են նաև շվեյցարական 50 ֆրանկ, ավստրալական 5 դոլար, Նոր Զելանդական 50 դոլար, շոտլանդական 5 ֆունտ ստերլինգ, մալդիվական 1000 ռուփի արժեքով թղթադրամները։
1961թ․ հիմնված «Թղթադրամի միջազգային հանրություն» կազմակերպությունը 2005 թվականից կազմում և հրապարակում է աշխարհի լավագույն թղթադրամների վարկանիշը:
Տեղեկացնենք, որ 2015թ. լավագույն թղթադրամ էր ճանաչվել Նոր Զելանդիայի 5 դոլարանոց նոր թղթադրամը, որն իր դիզայնով, պատկերներով ու անվտանգության նշաններով առանձնացել է աշխարհի 20 երկրներից ներկայացված նմուշների շարքում: