Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Զաքարիա Քուցնաշվիլին չի բացառում, որ խորհրդարանը նախագահի կողմից արված առարկությունների մի մասը կարող է ընդունել, մյուսը՝ ոչ:
Քուցնաշվիլին հունվարի 25–ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառանալով նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանին ուղարկած առարկություններին, ասել է, որ առաջարկների մի մասի հետ համաձայն է։
«Առաջարկություններին ամբողջովին դեռեւս չեմ ծանոթացել, դրանք 6-ն են, որից երկուսի մասին կիսում եմ նախագահի մտահոգությունը։ Մյուս առաջարկներին կծանոթանամ ավելի ուշ»,- հայտարարել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի արդյունքում ներկայացված առաջարկների փաթեթի վրա: Օրինագիծը խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերին: Այն ստորագրելու նպատակով նախագահին է ուղարկվել հունվարի 10-ին: