Այսօր պաշտոնական այցով Վրաստան կժամանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վրաստանի նախագահի աշխատակազմից Interpressnews.ge–ին տեղեկացրել են, որ պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի նախագահը կհանդիպի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, իսկ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև քաղաքական, միջազգային կազմակերպություններում բազմակողմանի հարաբերությունների զարգացման և աշխարհում ու տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ հարցեր։
«Նախագահները կխորհրդակցեն նաև առևտրատնտեսական ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ և ապագայում համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, կրթության և գիտության, առողջապահության, տրանսպորտի, ենթակառուցվածքային ծրագրերի առումով երկկողմ համագործակցության հարցերի շուրջ»,- տեղեկացրել են նախագահի աշխատակազմից։
Վրաստանի նախագահի նստավայրում կանցկացվի Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսի պատվիրակության ընդունելության արարողությունը, որից հետո նախագահները դեմառդեմ կհանդիպեն և բանակցությունների մասին կտեղեկացնեն ԶԼՄ-ներին։
Հատկանշական է, որ այցի շրջանակներում Վրաստանի և Բելառուսի միջև մի շարք համատեղ փաստաթղթերի ստորագրում տեղի կունենա։
Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրում, կհանդիպի երկրի վարչապետի և համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ։
Ալեքսանդր Լուկաշենկոյի այցի ընթացքում Թբիլիսիում Մինսկի օրեր և Վրաստան-Բելառուս բիզնես-ֆորում կանցկացվի։
Լուսանկարը՝ interpressnews.ge