Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սոֆո Քացարավայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում եռակողմ ձևաչափով հանդիպումներ կունենա:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը՝ ընդգծելով, որ Անկարայում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարներն ու անդամները: Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի կունենան նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանի հետ:
«Համագործակցության այս ձևաչափը լավ առիթ է եռակողմ օրակարգային հարցերի քննարկման համար: Կանդրադառնանք պաշտպանությանը, անվտանգությանը, առևտրին, տնտեսությանը, էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներին, միջմշակութային ու ազգամիջյան կապերի խորացմանը վերաբերող հարցերին»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սոֆո Քացարավան:
Նախատեսվում է այցի շրջանակներում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել: Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ նման հանդիպում տեղի էր ունեցել նաև 2014 թվականի նոյեմբերի 27-ին Բաթումիում:
Լուսանկարը` BPI.ge