Վրաստանն այսօր նշում է անկախության վերականգնման օրը և ոգեկոչում 1989-ի ապրիլյան իրադարձությունների զոհերի հիշատակը։
29 տարի առաջ ապրիլի լույս 9-ի գիշերը խորհրդային զորքերը դաժանորեն ցրեցին Խորհրդային Միության կազմից դուրս գալու ու անկախության վերականգնման պահանջով Ռուսթավելի պողոտայում անցկացվող խաղաղ ցույցը, ինչի հետևանքով զոհվեց 21 մարդ։
«Արյունոտ կիրակի» անունն ստացած իրադարձությունները բեկումնային դարձան Վրաստանի պատմության մեջ․ սկսվեց անկախության գաղափարի ու պետականության վերականգման շուրջ վրաց հասարակության համախմբումը։ Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա Վրաստանը ընդունեց անկախության վերականգնման հռչակագիրը։
Այս իրադարձությունների ակունքում կանգնած էր Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան, ով սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով երկիրը չկառավարեց անգամ մեկ տարի։
Նա ստիպված էր երկրից փախուստի դիմել, միայն 1993-ին կարողացավ վերադառնալ Վրաստան, սակայն անհայտ հանգամանքներում մահացած գտան երկրի արևմտյան շրջանում՝ Սամեգրելոյում։
Հետաքննության պաշտոնական արդյունքով Գամսախուրդիան ինքնասպանություն է գործել։ Նրա ընտանիքի անդամներն ու համախոհները մինչ օրս, սակայն, համաձայն չեն հետաքննության արդյունքների հետ, մեղադրում են նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին։