Երևանում գտնվող Հովհաննես Թումանյանի թանգարանում օրերս բացված տիկնիկների ցուցահանդեսի այցելուներին դիմավորում է թբիլիսաբնակ հայազգի տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկ՝ Հովհաննես Թումանյանը։ Ցուցահանդեսին մասնակցող 30 տիկնիկագործներից Արմեն Հովհաննիսյանը միակ արտասահմանցին է։ Ներկայացրել է երեք ստեղծագործություն։ Թումանյանի տիկնիկից քիչ այն կողմ Արմենի տիկնիկների հավաքույթն է՝ հեքիաթային թեյախմությունը։
«Նոր գործ է, տարբեր հեքիաթների հերոս տիկնիկներն ինքնաեռի շուրջ թեյ են խմում ու զրուցում տարբեր թեմաններից, — ներկայացնում է տիկնիկագործը։ Քիչ այն կողմ, ցուցադրության կենտրոնում նրա երրորդ աշխատանքն է՝ Թումանյանի Փարվանայի հերոսուհու տիկնիկը, — նստած լույսը ձեռքին, սպասում է նա կտրիճներին․․․ Տիկնիկը բացառիկ գործ է կարծում եմ,նա իրականում լացում է, աչքերից հոսում են արցունքները։ Երբ ինձ հարցնում են ո՞րն է գաղտնիքը, ինչպես է լացում, ասում եմ, որ պարզապես նրա ականջին շշնջում եմ իր սիրեցյալի անունը, հիշեցնում եմ իր սիրո պատմությունը»։
Ցուցահանդեսի համակարգող, հայ տիկնիկագործների համագործակցության ղեկավար Մարինա Խաչմանուկյանն էլ է նշում, որ այս տիկնիկն, իսկապես, բացառիկ է ու գրավել էր ցուցահանդեսի բացման արարողության ներկաներին.
«Արմենի Փարվանան ցնցել էր բոլորին։ Այն իսկապես բացառիկ աշխատանք է»:
Արմեն Հովհաննիսյանի տիկնիկներն արդեն մի քանի անգամ զարդարել են երևանյան ցուցահանդեսները։ Ունեցել է անհատական երկու ցուցահանդես Թբիլիսում, մեկը Երևանում, մասնակցել տարբեր փառատոնների և բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։
Թբիլիսիում գտնվող Թումանյանի տանն էլ հիմնել է հայկական տիկնիկային թատրոն, որը մեծ հեքիաթագրի տանը միշտ կենդանի է պահում հեքիաթը,
«Իմ պատգամն է բոլորին, միշտ արթուն պահեք ձեր ներսի հեքիաթը…», — նշում է տիկնիկագործը ու ցավով հավելում, որ արվեստի այս ճյուղը Հայաստանում այնքան էլ տարածված չէ։
Հատկանշական է, որ Հայաստանում, ի տարբերություն հարևան երկրների, չկա նաև տիկնիկների թանգարան։ Անցյալ տարի բացված թանգարանից ֆինանսական խնդիրների հետևանքով ամիսներ անց ստիպված են եղել հրաժարվել։ Հենց այդ պատճառով էլ ցուցահանդեսն անցկացվում է Թումանյանի թանգարանում։
«Մենք ամեն բանից հետ ենք մնացել, այդ պատճարով էլ նմանատիպ ցուցահանդեսների միջոցով փորձում ենք հասարակությանը հաղորդակից դարձնել արվեստի այս ճյուղին», — ասում է ցուցահանդեսի համադրող Մարինա Խաչմանուկյանը՝ ցավով նշելով, որ այսօր հետաքրքրություն չկա այս ոլորտի նկատմամբ, անգամ տիկնիկները չեն վաճարվում։
«Շատ ունենք հելյունագործ տիկնիկներ, մինդեռ պոլիմերային կավով քիչ են աշխատում, քանի որ աշխատատար ու թանկարժեք են։ Այս ոլորտը զարգացած չէ մեզ մոտ, պարզապես տիկնիկագործներն իրենք իրենց համար են անում, քանի որ չեն կարող չանել, դա իրենց կյանքն է: Հույս ունենք, որ նման ցուցահանդեսների արդյունքում հետաքրքրությունն ավելի կմեծանա»։
Մինչև օգոստոսի 28-ն անցկացվող ցուցահանդեսին ներկայացված է հարյուր տիկնիկ, ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան հեքիաթների հերոսներ: Հատկանշական է, որ տիկնիկների մեծ մասը հենց Թումանյանի հեքիաթների հերոսներն են։