Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիում է: Սա նրա առաջին պաշտոնական այցն է Վրաստանի Հանրապետություն:
Կանցլերի պաշտոնում Մերկելը Թբիլիսիում եղել է 10 տարի առաջ՝ Օգոստոսյան պատերազմից անմիջապես հետո: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հյուրին դիմավորել են Վրաստանի արտգործնախարարն ու Գերմանիայում Վրաստանի դեսպանը: Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին Մերկելի այցը պատմական է որակել՝ նշելով, որ սա երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարման նշան է: «2008-ի Օգոստոսյան պատերազմից տասը տարի անց էլ Գերմանիան շարունակում է ընդունել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և պահանջում է Ռուսաստանից՝ դուրս բերել զորքերը երկրի տարածքից»,- ասել է Մերկելը՝ Թբիլիսիում: Նրա ելույթի զգալի մասը նվիրված է եղել երկու պետությունների տնտեսական համագործակցության հեռանկարներին և մշակութային կապերին: «Ես անարդարություն եմ համարում այն, ինչ կատարվում է Վրաստանում, և Պուտինը գիտի իմ դիրքորոշումը, այդ թվում նաև Ուկրաինայի հարցում: Ես խոսում եմ այդ մասին: Վաղը ես հնարավորություն կունենամ շփման գծում լինել. չնայած մեծ ջանքերին, քիչ բան է արվել՝ այդ անարդարությունն անցյալում թողնելու համար: Մենք չպետք է համակերպվենք այս իրավիճակի հետ: Մենք պետք է ամեն օր ու առավելագույնը խոսենք այդ մասին»,-Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել կանցլերը:
Վարչապետն իր հերթին դիմելով Մերկելին՝ նշել է, որ վերջինիս պաշտոնական այցը Վրաստան երկու երկրների հարաբերություններում նոր մակարդակ է ապահովելու: Վարչապետը նաև հավելել է, որ եվրոպական ուղղությունը վրաց ժողովրդի ընտրությունն է՝որպես ձեռքբերում նորից նշելով վիզայի ազատականացման փաստը:
Ավելի ուշ Գերմանիայի կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Օգոստոսի 24-ին Գերմանիայի կանցլերը հանդիպում կանցկացնի Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ հանդիպում Է ծրագրված Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետհամալսարանի ուսանողների, ինչպես նաեւ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Թբիլիսիից Անգելա Մերկելը կուղեւորվի Երեւան, իսկ այնուհետեւ՝ Բաքու: