Վրաստանում ստեղծվում է կենսաթոշակային կուտակային համակարգի վարչարարության և կառավարման նոր կառույց՝ կենսաթոշակային գործակալություն:Սա նախատեսված է կուտակային կենսաթոշակի մասին օրենքի փոփոխությունների փաթեթում, որը կառավարությունն օրերս հանձնել է խորհրդարանի քննարկմանը: Ըստ վերջին մարդահամարի տվյալների՝ Վրաստանի բնակչությունը 3,7 միլիոն է, որից 20 տոկոսը՝ թոշակառուներ են: Սպասվում է, որ 2050 թվականին այս ցուցանիշը կհասնի 25 տոկոսի:
Ըստ փաստաթղթի՝ նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին կուտակային համակարգի միջոցով հետագայում առավել բարձր կենսաթոշակ ստանալ: Նոր՝ կենսաթոշակային գործակալությունն իրենից ներկայացնելու է իրավաբանական անձ, որի գործունեությունը վերահսկելու է հետևող խորհուրդը: Խորհրդի կազմում կլինեն կառավարության երեք անդամ և ներդրումային խորհրդի ղեկավարը: Գործակալության տնօրենին կնշանակի հետևող խորհուրդը՝ մրցութային կարգով: Կենսաթոշակային ռեսուրսների նպատակային տնօրինման նպատակով ստեղծվելու է նաև ներդրումային խորհուրդ, որն ինքնուրույն մշակելու է ներդրումային քաղաքականությունը: Խորհրդի գործառույթներից է լինելու նաև կազմակերպության գործունեության մոնիտորինգը:
Կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում կուտակային համակարգի մասնակից անձը կարողանալու է ստանալ կուտակված գումարը միանվագ, կամ հնարավորություն է ստանալու ընտրել վճարման այլ տարբերակ: Բացի այդ, հնարավորություն է լինելու նաև իր տնտեսած գումարները տեղափոխել այլ՝ մասնավոր կենսաթոշակային համակարգ՝ իր կողմից ընտրված ապահովագրական ընկերությանը: Թոշակային ներդրումային ռեսուրսների վերահսկողությունն իրականացնելու է Վրաստանի ազգային բանկը: