Վրաստանում հույս ունեն, որ հենց Միխեիլ Սահակաշվիլին վերադառնա Ուկրաինա, Կիևը կսկսի նրա արտահանձնման գործընթացը՝ գրում է Apsny.ge-ն:
«Իմեդի» հեռուստաընկերության եթերում Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ասել է, թե սա ոչ թե քաղաքական, այլ իրավական և քննչական գործընթաց է: նա նաև հիշեցրել է, որ Թբիլիսին պահանջել է Սահակաշվիլիի արտահանձնումը դեռևս 2014 և 2015 թվականներին: Ըստ Ծուլուկիանիի՝ նա մեղադրվում է խորհրդարանի պատգամավորին ծեծելու, մոտ 4 մլն. դոլար վատնելու, 2007-ի խաղաղ ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը գրավելու մասնակցության մեջ: 2015-ի ապրիլին Ուկրաինան հրաժարվել էր արտահանձնել Սահակաշվիլիին՝ պատճառաբանելով, որ Վրաստանում նրա հետապնդումն իրավական բնույթ չունի:
Նախօրեին Սահակաշվիլին կրկին Ուկրաինայի իշխանություններին մեղադրեց հանցագործության մեջ: Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին Սահակաշվիլին զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայի անձնագիր էր ստացել 2015-ի մայիսին, ապա դարձել Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին նա լքեց պաշտոնը՝ հայտարարելով, որ անհնար է շրջանում պայքարել կոռուպցիայի դեմ, որին, ըստ նրա, անձամբ սատարում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: