Խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ պետական սահմանադրական հանձնաժողովի աշխատանքին կմիանա նաև նախագահականը: Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ ձևաչափն առավել արդյունավետ կլինի. «Նախագծում նշված է, որ նախագահը պետք է ներկայացված լինի սահմանադրական հանձնաժողովում: Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությունը հաշվի է առնված: Մենք հույս ունենք, որ նախագահի աշխատակազմը կվերանայի հույզերի վրա կայացրած որոշումը, քանի որ նախագահականի ներգրավվածությունն այս գործընթացում շատ կարևոր է: Մեր խնդիրը Սահմանադրությունը կատարելագործելն է, իսկ սրա համար մենք չենք կարող համաձայնել այն սխալ ձևաչափի հետ, որն առաջարկում էր նախագահի աշխատակազմը: Մենք պարզ ներակայացրել ենք մեր դիրքորոշումը»:
Ավելի վաղ նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին հայտարարել էր, թե Մարգվելաշվիլին և նրա աշխատակիցները չեն ներգրավվի Խորհրդարանի նախաձեռնությամբ ստեղծված Սահմանադրական հանձնաժողովի գործընթացներում: Ըստ նրանց՝ այդ հանձնաժողովը լինելու է քաղաքական նախաձեռնություն, որում միավորվելու են քաղաքական սուբյեկտներ և կոնկրետ նպատակների հասնելու համար պրոֆեսիոնալ խմբեր, ծրագիրը չունի ժողովրդավարական լեգիտիմություն և քաղաքական վստահություն:
Հիշեցնենք, որ խորհրդարականական մեծամասնությունն ընտրություններից անմիջապես հետո սկսեց խոսել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, մասնավորապես՝վերանայել նախագահի ընտրության կարգը. առաջարկվում է, որպեսզի նախագահին ընտրի ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը: Ի պատասխան, Մարգվելաշվիլին առաջարկեց 3 բարձրաստիճան պաշտնոնյաների նախագահությամբ սահմանադրական հանձնաժողով ստեղծել և լայն քննարկումների ճանապարհով գալ համաձայնության:
Իշխող թիմն արձագանքեց նախագահի առաջարկին՝ հանձնաժողովի ղեկավար հայտարարելով Իրակլի Կոբախիձեին: Ի պատասխան նախագահը խոստացավ սկսել համաժողովրդական քննարկումներ, որոնց հիման վրա իր աշխատակազմը կնախապատրաստի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս որոշումը բացասաբար ընդունեցին խորհրդարանում՝ հայտարարելով, թե փոփոխությունների որոշում կայացնողը խորհրդարանն է, այդ պատճառով հանձնաժողովը պետք է ղեկավարի խորհրդարանի նախագահը: