Վրաստանում հնարավոր է պատվաստումը պարտադիր դառնա: Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել է հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, համապատասխան նախաձեռնության իրականացմանն աջակցում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, առողջապահության նախարարությունը եւ բժշկական հանրության մեծ մասը: Նախաձեռնությանը դեմ են իրավաբանները, որոնց կարծիքով այդպիսով խախտվում են մարդու իրավունքները։
Պաատա Իմնաձեն բացատրել է, որ իմունացման հարցերն աշխարհի զարգացած երկրներում կարգավորում է օրենսդրությունը: Նրա տեղեկատվությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատվաստում չստացած երեխային չի թույլատրվում ստանալ կրթություն: Եվրոպայի որոշ երկրներում, չպատվաստված երեխայի ծնողը տուգանվում է 2500 եվրոյի չափ գումարով:
«Ինչպես աշխարհի շատ զարգացած երկրներում, այնպես էլ Վրաստանում պիտի գործի օրենսդրական մեխանիզմ: Եթե ծնողը չի հասկանում, որ երեխան պիտի պատվաստված լինի, հանրությունը պիտի պաշտպանվի նման ծնողից»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: