Թբիլիսիում երեկ նշվել է Ադրբեջանի հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձը, որին մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
«Մեր երկրների հարաբերությունները իրական բարիդրացիության ու համագործակցության հայտնի օրինակ են: Ադրբեջանը Վրաստանի տնտեսության խոշոր ներդրողն է ու առևտրային գործընկերը։ Վստահ եմ, որ այս միտումը շարունակվելու է: Առավել սերտ տնտեսական և մշակութային կապերը մեր համագործակցության հիմքերն էլ ավելի ամուր են դարձնում ու զարգացնում»,-Rustavi 2-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Կվիրիկաշվիլին:
Միջոցառումը տեղի է ունեցել Վրաստանի երիտասարդության ազգային պալատում՝ նույն այն շենքում, որտեղ 1918 թ․ մայիսին իրենց անկախության մասին հռչակեցին հարավկովկասյան երեք երկրները (Վրաստան, Ադրբեջան, Հայաստան)։
Հատկանշական է, որ մայիսի 28-ին Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Ադրբեջանի դրոշի գույներով։