ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է նախորդ տարում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին տարեկան հաշվետվությունը: Վրաստանին առընչվող հատվածում ներկայացվում է 2015 թվականին մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը:
Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ Վրաստանում 2012 թվականին անցկացված Խորհրդարանական ընտրությունների արդյունքում` առաջին անգամ իշխանափոխությունը տեղի է ունեցել խաղաղ ու ժողովրդավարական ճանապարհով, սակայն երկրում դեռևս առկա են մի շարք խնդիրներ:
«2015 թ. ընթացքում մարդու իրավունքների տեսանկյունից ամենաակնառու խնդիրներն էին` Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունները` ռուսական, կամ օկուպացված տարածքների վարչական սահմանների դե ֆակտո ուժերի կողմից, Արդարադատության համակարգի բացթողումները, այդ թվում` գործերի քննության ժամանակ դատարանների վրա ճնշումներ գործադրելը, դատական համակարգում կասկածելի նշանակումները, բռնությունների ու ոտնձգությունների հանդեպ կառավարության` ոչ համապատասխան արձագանքը, անավարտ հետաքննությունները, դատական գործընթացից առաջ անտեղի կալանքները, կառավարության կողմից ոչ բավարար փորձերը կանանց, ինչպես նաև էթնիկ, կրոնական ու սեռական փոքրամասնությունների ու սահմանափակ կարողություններով անձանց խտրականության դեմ պայքարում»-ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի ՝ ապրիլի 14-ին հրապարակած զեկույցում: