Վրաստանում Հայաստանի դեսպանատուն ներխուժելու և դեսպանին գերեվարելու սոցցանցում արված կոչի առիթով Վրաստանի քաղաքացուն քրեական պատասխանատվության են ենթարկել:
Գործի նյութերի համաձայն՝ ահաբեկչություն կատարելու կոչի հեղինակը Վրաստանի քաղաքացի է: Գործը գաղտնի է, սակայն «Ինտերպրեսնյուս» լրատվականը գործից մանրամասներ է հրապարակել։
Նյութերի համաձայն՝ 2016-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ մեղադրյալը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին կոչ է արել հավաքվել Հայաստանի դեսպանատան մոտ, վառել Հայաստանի դրոշը, ներխուժել դեսպանատան շենք և գերեվարենլ դեսպանին:
Կոչը թեև իրականություն չի դարձել, սակայն դրա հեղինակի նկատմամբ 2 տարի անց քրեական գործ է հարուցվել: Նշվում է, որ այս ընթացքում հետաքննությունը սպասել է պաշտոնական պատասխանների:
Մեղադրանքը պաշտոնապես ներկայացնելուց հետո մեղադրյալը որպես խափանման միջոց գրավ է վճարել: Այժմ գործի վերաբերյալ քննարկումներ են ընթանում դատարանում: