Բռնությունների և խոշտանգումների համար նախատեսված պատիժը Վրաստանում էլ ավելի կխստացվի՝ ընդհուպ մինչև անժամկետ ազատազրկում: Կառավարության իրավաբանական հանձնաժողովը կուսումնասիրի Քրեական օրենսգրքի երրորդ՝ վերջնական տարբերակը: Օրենքի խստացման մասին հայտարարել է նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նախորդ գումարման Խորհրդարանն արդեն քննարկել է օրենքի փոփոխության հարցը, այժմ մնում է, որ պատգամավորները հաստատեն: Օրինագծի հեղինակը իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան է, ով նախորդ գումարման Խորհրդարանում ղեկավարում էր նաև Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեն:
Օրինագիծը ենթադրում է Ծեծի ենթարկելու մասին հոդվածի պարզեցում՝ պատիժ սահմանել տուգանքի տեսքով, կամ մեկ տարվա ազատազրկում, եթե հանցագործություն է կատարվել անչափահասի նկատմամբ: Քրեական օրենսգքրի նոր տարբերակում ծեծը կլինի բռնություն հոդվածի մի մասը, որը կսահմանի նույն պատիժը: Բռնությունը կամ ծեծը անչափահասի կամ հղիի նկատմամբ կպատժվի մեկ տարվա ազատազարկմամբ, իսկ պարբերաբար նման գործողությունները՝ 1-3 տարվա ազատազրկմամբ:
Օրենսդրությունը նախատեսում է խոշտանգում հասկացության ընդլայնում: Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո խոշտանգում է համարվելու ոչ միայն մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այլ նաև երրորդ անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պայմաններ ստեղծելը: Խոշտանգում է համարվելու անձի կամքին հակառակ, դեղամիջոցների կամ բժշկական գործիքների միջոցով բժշկական գործողությունների կիրառումը, հանցագործության խոստովանություն կամ սուտ վկայություն տալ ստիպելու նպատակով անձի նկատմամբ բռնությունը: Գործող օրենսգրքում նման սահմանում գոյություն չունի:
Եվս մեկ նորամուծություն. Մարդկանց խմբի կողմից սեքսուալ բնույթի գործողություններով ուղեկցվող խոշտանգումները, որոնք հանգեցրել են մահվան կամ ծանր հետևանքների, անժամկետ պատիժ կունենան: Այս գործողությունների համար առավելագույն ազատազրկման ժամկետը 17-ից կդառնա 20 տարի: Օրենքի փոփոխված տարբերակում կընդլայնվի նաև խոշտանգումների վտանգ հասկացությունը: Այժմ վտանգ է համարվելու ոչ թե խոշտանգում խոստանալը, այլ պատժելու վտանգը, եթե այն իսկապես իրականանացվել է:
Պատգամավորները մտադիր են նաև ավելացնել ստորացուցիչ կամ ոչ մարդկային : վերաբերմունքի համար սահմանված պատիժը: Առավելագույն ազատազրկումը 5–ի փոխարեն կդառնա 7 տարի: Նախագիծն օրեքի ուժ կստանա, եթե դրա օգտին քվեարկի 76 պատգամավոր, այնուհետև հաստատի նախագահը: Ավելի ուշ այն կհրապարակվի Վրաստանի օրենսդրական լրատուի պաշտոնական կայքում: