Ջավախքից գործող «Jnews» կայքը` «Խտրական մոտեցում» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է Վրաստանում մշտական բնակության իրավունք ունեցող քաղաքացիների` օրենսդրական արտոնություններից օգտվելու իրավունքի բացակայության մասին:
Հունվարին Վրաստանում ուժի մեջ մտավ բարձր լեռնային շրջանների զարգացման մասին օրենքը, որը մի շարք արտոնություններ է ենթադրում: Օրինակ` որոշ դեպքերում հարկերից ազատում, աջակցություն կոմունալ ծախսերի մարման հարցում, կենսաթոշակի և մանկավարժների աշխատավարձի ավելացում և այլն: Այս բարեփոխումները, սակայն չեն վերաբերում Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող` այլ երկրի քաղաքացիներին:
«Գաղտնիք չէ, որ Ջավախքի բնակչության մեծ մասը այլ երկրի քաղաքացիություն ունեն և սեփական տանն ապրում են հյուրի կարգավիճակով: Սոցիալական կարիքները հոգալու համար ջավախքցիները մինչ օրս էլ շարունակում են ձեռք բերել այլ երկրի (հիմնականում՝ Հայաստանի և Ռուսաստանի) քաղաքացիություն: Մարդիկ ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008 թվականի, հնգօրյա պատերազմից հետո Ջավախքի բնակիչները, ովքեր ընտանիքներն են պահում Ռուսաստանում վաստակած փողերով, հայտնվեցին բարդ իրադրության մեջ: Մարդիկ ելք էին փնտրում Ռուսաստան մեկնելու և գտան այն այլ երկրի քաղաքացիություն ստանալով» ,- գրում է պարբերականը` ներկայացնելով նման կարգավիճակ ունեցող մի քանի քաղաքացիների դժգոհությունները, ովքեր թեկուզ և ծնվել և ամբողջ կյանքն ապրել են Վրաստանում, սակայն կյանքի բերումով զրկվել են քաղաքացիությունից` դրա հետ նաև արտոնություններից օգտվելու իրավունքից:
Լուսանկարը` «Jnews»-ի