Մայիսի 9-ին Թբիլիսիի Մետրոմշեն հայաբնակ թաղամասում կազմակերպված «Եռատոն -2016» փառատոնի շրջանակներում հանդիսավոր նշվեց Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
«Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված բացօթյա համերգին հանդես եկան երգի ու պարի համայնքային խմբեր, այդ թվում` «Անի», «Վանք», «Ջեյրան», ինչպես նաև Վիրահայոց թեմի «Տարոն» և Վրաստանի հայ կաթոլիկ եկեղեցու «Մարիամ» պարային համույթները: Փառատոնին մասնակցեցին նաև վրացական ժողովրդական «Օցնեբա» պարային համույթի սաները:
«Վրաստանի հայ համայնք» կազակերպության երիտասարդական և ուսանողական միությունների պատասխանատու Արթուր Միրզոյանն ալիքի հետ զրույցում հույս հայտնեց, որ փառատոնը ավանդույթ կդառնա, իսկ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության «Միություն» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Օհանյանը նշեց, որ հաջորդ անգամ փառատոնն ավելի կազմակերպված կլինի և կանցկացվի նաև քաղաքի տարբեր թաղամասերում:
«Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանի խոսքերով` համերգը կազմակերպվել է Մետրոմշեն թաղամասում, հաշվի առնելով այն իրողությունը, որ այստեղ հայերը մեծ թիվ են կազմում: Նա նշեց, որ միջոցառման նպատակը այն է, որ հայությունը չհեռանա իր արմատներից, լինի միասնական և հիշի պատմությունը, ինչպես նաև մեր պարտություններն ու հաղթանակները և դրանցից դասեր քաղի:
Ըստ Սամվել Մկրտչյանի `հայությունը պետք է միասնական լինի, որպեսզի հետագայում եւս հաղթանակներ ունենա: