
«Վրաստանի Համաներդրումային հիմնադրամը» հիմնել է զբոսաշրջության զարգացման հիմնադրամ, որը Թբիլիսիում, Գուրիայում, Աջարիայում և Սամեգրելոյում 680 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 8 մասշտաբային նախագիծ կիրականցնի: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Հիմնադրամի պաշտոնական ներկայացմանը մասնակցել է նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ում խոսքով հիմնադրամը ուշադրություն կդարձնի հատկապես երկրի զբոսաշրջության առումով չզարգացած շրջանններին։
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա դառնանք ամենայուրահատուկ երկրներից մեկը: Ակնահայտ է, որ այս ոլորտը բավականին զարգացել է մեր երկրում․այս մասին վկայում են նաև վիճակագրական վերջին տվյալները: Վրաստանի հանդեպ հետաքրքրությունն ավելի ու ավելի է աճում»:
Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կղեկավարի Իրակլի Քարսելաձեն: Հիմնադրամի նպատակը տուրիզմի զարգացմանը նպաստելն ու կոնկրետ ծրագրերի իրականացումն է: Հիմնադրամի նպատակների մեջ է մտնում նաև զբոսաշրջիկների համար գրավիչ նոր տարածքների ստեղծումը: Տեղեկացնում է «news.ge»-ն։