«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը ժամը 16:10-ին հրապարակել է տեսանյութ՝ վերնագրելով՝ «Հայաստանում սկսվեց թավշյա հեղափոխությունը»:
«Ռուսթավի 2»-ը փոխանցում է, որ Երևանի կենտրոնում սկիզբ առած ցույցը շարունակվում է քաղաքի տարբեր փողոցներում: Ոստիկանական հատուկ ջոկատայինները ձերբակալել են տասնյակ ցուցարարի:
«Ներկա պահին ցուցարարները գտնվում են քաղաքապետարանի շենքի դիմաց, որտեղ էլ շրջափակել են շենքը և հարակից փողոցները: Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ Սերժ Սարգսյանն ամբողջ պետական բյուջեն ուտելուց հետո, պատրաստվում է երկիրը ուտել», — ասվել է «Ռուսթավի 2» եթերում:
Երևանում գտնվող «Իմեդի» հեռուստաընկերության թղթակիցը նույնպես տեղեկացրել է, որ ցուցարարները գրավել են քաղաքապետարանի շենքը և հրապարակել է մի շարք լուսանկարներ: «Իմեդի»-ն փոխանցում է, որ Երևանում ձերբակալվել է 66 ցուցարար:
Վրաստանյան primetime.ge պարբերականն էլ հրապարակել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը. «Մենք հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, և հույս ունենք ամեն ինչ կավարտվի օրենքի սահմաններում»:
Հարևան երկրի իրադարձությունների մասին շարունակում են կրկին բարձրաձայնել նաև համացանցում:
Քաղաքագետ, կրթության և գիտության նախկին նախարար Գիա Նոդիան Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նյութով և գրել․ «Էհ, մի քանի անգամ փորձեցին այս հայերը հեղափողություն անել, բայց մինչև այսօր ոչ մի բան չստացվեց: Հիմա կստացվի՞ ինչ-որ բան: Կասկածում եմ, չեմ կարող ասել: Առաջին պարտությունը կրեցին՝ Սարգսյանի վարչապետ նշանակելը չարգելեցին»: