Անվտանգության նկատառումներից ելնելով Վրաստանի դպրոցներում տեսախցիկների առկայությունը (շենքի և ներսում, և մուտքի մոտ) պարտադիր կդառնա։ Այս մասին ասվում է «Ընդհանուր կրթության մասին» օրենքի նոր նախագծում։
Փոփոխությունների նախագծում նշվում է, որ տեսախցիկները պետք է ընդգրկեն դպրոցի ողջ տարածքը։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ այն շուտով կներկայացվի խորհրդարանի դատին։
«Դպրոցները տեսախցիկներով ապահովելու գործընթացը կընթանա փուլ առ փուլ։ Այն դպրոցներում, որտեղ արդեն դրանք առկա են, տեխնիկական լրացուցիչ ստուգումների կենթարկվեն»,-ասված է նախագծում։
Օրինագծում որոշ փոփոխություններ վերաբերում են նաև դպրոցների հսկիչներին։ Վերջիններս պետք է պարտադիր կերպով աշակերտների միջև տեղի ունեցած տարաձայնությունների մասին տեղյակ պահեն ծնողներին ու իրավապահ մարմիններին։ Հսկիչները պարտավորվում են նաև ծնողներին փոխանցել աշակերտի ուշացումների և թույլ տված այլ խախտումների մասին։
Եթե փոփոխություններն ընդունվեն, հսկիչին (միայն բարձրագույն կրթություն ստացած) տնօրենի փոխարեն կնշանակի հսկիչների ծառայության ղեկավարը։ Վերջինիս նշանակում է ԿԳ-ի նախարարը։