Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան երկօրյա պաշտոնական այցով Երևանում է:
Օմբուդսմենի գրասենյակից տեղեկացնում են, որ Լոմջարիան հանդիպել է Հայաստանի իր գործընկերոջ՝ Արման Թաթոյանի, ինչպես նաև Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, նաև մասնակցել է «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնելով հայ գործընկերոջը Հայաստան հրավիրելու համար, կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև պատմական կապերն ու իրավական հաստատությունների միջև սերտ հարաբերությունները:
Երևանյան այցի շրջանակներում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կայցելի ՀՀ-ի քրեակատարողական հիմնարկներ, պատվիրակության անդամների հետ կհանդիպի Հայաստանում վրացական սփյուռքի ներկայացուցիչներին: Փոխանցում է interpressnews-ը։