Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին համաձայն չէ կրթության և գիտության նախարարության` Բաթումիում Ռեֆադդին Շահինի անվան դպրոցի փակման որոշման հետ: Դպրոցը գործում է 1994 թվականից, համարվում է Աջարիայի ամենահաջողված մասնավոր դպրոցներից մեկը: Կրթական այս հաստատության լիազորությունները դադարեցվել են ընթացիկ տարվա փետրվարի 3-ին: Վրաստանի կրթության նախարարությանն անռընթեր լիազորությունների խորհուրդը, որպես պաշտոնական պատճառ` հայտարարել է դպրոց-ճեմարանի կողմից աշակերտների ընդունելության ընթացքում թույլ տված սխալները: Սակայն սա այս դպրոցի հետ կապված առաջին սկանդալը չէ: Նախորդ տարվա հուլիսին Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Յասին Թեմիքսանը տեղի «25-րդ ալիքին» հայտնել էր, որ այս դպրոցը կապ ունի ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «ահաբեկչական խմբավորման» հետ, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում նախորդ տարվա մայիսին պետական հեղաշրջման փորձի մեջ: Հյուպատոսն այն ժամանակ հայտարարել էր, թե կդիմի վրաստանյան իշխանություններին` դպրոցը փակելու խնդրանքով:
Ավելի ուշ` Վրաստանում Թուրքիայի դեսպանը հերքեց նրա այս հայտարարությունը` պատճառաբանելով, թե հյուպատոսին ամենայն հավանականությամբ սխալ են հասկացել` «թարգմանության հետ կապված դժվարությունների պատճառով»:
Ուչա Նանուաշվիլին ասել է. «Հարևան երկրում ընթացող ցանկացած քաղաքական գործընթաց չպետք է ազդեցություն ունենա Վրաստանի կրթական հաստատությունների վրա, որոնք գրանցված են ըստ մեր կանոնադրության և աշխատում են օրենքի սահմաններում»:
Դպրոց-ճեմարանում դասապրոցեսը դեռևս ընթանում է, քանի որ ղեկավարությունը դեռևս պաշտոնապես չի ստացել լիազորությունների խորհրդի որոշումը, և հայտարարել է, որ այդ որոշումը կբողոքարկի դատարանում: Ներկայում դպրոցում ուսում է ստանում 350 աշակերտ: Աջարիայի կրթության նախարարությունը փորձում է նրանց տեղավորել այլ դպրոցներում:
Նյութի աղբյուր` jam-news.net