Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ցխինվալիում անհասկանալի հանգամանքներում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի հարցով հերթական հայտարարությունն է տարածել:
Կառավարության ղեկավարը Ռուսաստանի բարձրագույն իշխանությանն է դիմել՝ քայլեր ձեռնարկելու «այսօրվա եւ ապագա սերունդների առջեւ պատասխանատվության գիտակցությամբ վերոնշյալ խնդրի հետ կապված ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար»:
«Ընթացիկ տարվա օգոստոսին լրանում է 2008 թվականի պատերազմի 10-րդ տարելիցը: Այս դրամատիկ իրադարձությունը խորը հետք է թողել վրաց ժողովրդի գիտակցության եւ Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում: Ցավոք, այսօր ծանր իրականության առջեւ ենք կանգնած: Երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունները վերականգնել են, սակայն ողբերգական իրադարձությունների շղթան այսօր էլ շարունակվում է: Սա խանգարում է վրաց-ռուսական հարաբերությունների ապագայի հեռանկարին: Վերջին օրինակը երկու շաբաթ առաջ տեղի ունեցած Արչիլ Տատունաշվիլիի մահն է։ Նրա դին չնայած Վրաստանի իշխանությունների, Վրաց կաթողիկոս-պատրիարքի եւ միջազգային հանրության կողմից արված բազմաթիվ փորձերի, դեռևս չի տեղափոխվել Վրաստան»,-նշված է հայտարարության մեջ: