Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել դեպարտամենտի նոր ղեկավար Դաթո Նիկոլեիշվիլին: Մղեբրիշվիլին սահմանային ոստիկանության նորանշանակ ղեկավարին շնորհավորել է նոր պաշտոնի կապակցությամբ, նրա հետ քննարկել ոլորտի ռաջնահերթ անելիքները: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:
«Մենք կառուցում ենք 21-րդ դարի ոստիկանություն: Սահմանային պաշտպանության ուղղությամբ շատ ամբիցիոզ ծրագրեր ունենք: Արդեն առկա են նաև կոնկրետ նպատակներին հասնելու համար մշակած ծրագրերը: Ամենակարևոր նպատակներից մեկը սահմանապահ ոստիկանության աշխատակիցների կարիերայի զարգացման ու սպաների վերապատրաստման նոր համակարգ ստեղծելն է: Վստահ եմ` սահմանային ոստիկանությունը շատ արագ է զարգանալու: Պատրաստ եմ մշտապես աջակցել ձեզ»,-ասել է նախարարը:
Իր հերթին Նիկոլեիշվիլին շնորհակալություն է հայտնել նախարարին` նշելով, որ սահմանային ոստիկանության պետի ղեկավարի պաշտոնն իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է: