Վրացական պատվիրակությունը՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի գլխավորությամբ Երևանում մասնակցություն կունենա Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովի աշխատանքներին: Այս մասին գրում է վրաստանյան newsgeorgia.ge լրատվականը՝ հղում անելով ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին: Ֆրանկոֆոնիայի գագթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 11-12-ը: Մասնակցության համար Երևան կժամանեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակից կդառնա ավելի քան 5 հազար հյուր՝ 84 պատվիրակության և 20 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ:
Բալայանն ասել է, որ Վրաստանի նախագահը հաստատել է մասնակցությունը: Գագաթնաժողովի շրջանակներում Երևանում նաև տնտեսական ֆորում է նախատեսված՝ աշխարհի տարբերի երկրների 300-ից ավելի գործարարների մասնակցությամբ: Ֆորումը կբացեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:
Հայաստանը միջոցառման անցկացման իրավունքը ստացել է 2016 թվականին Անտանանարիվուի ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ: ՀՀ-ն կազմակերպության անդամ է, իսկ Վրաստանը 2004-ից սկսած՝ օգտվում է դիտորդի կարգավիճակից: