«Վրաստանի ողջ տարածքում հորդառատ անձրևները աղետալի հետևանքներ են ունենալու». բնապահպան

Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցի (CENN)  շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերի համակարգող Ռեզո Գեթիաշվիլիի գնահատմամբ, Բորժոմիում տեղի ունեցած բնական աղետի արդյունքի պատճառը միայն առատ տեղումները չեն:  «Allnews»-ը  մեջբերում է  Գեթիաշվիլիի խոսքերը, որ  այս ամենը «90-ականներին  Բորջոմիիում տեղի ունեցած զանգվածային ծառահատումների արդյունք էր»:

Կովկասի բնապահպանական ՀԿ-ի ցանցի ներկայացուցիչը առանձնացրել է նաև  ածխահանքերի հայթհայթման փաստը, որի արդյունքում ևս այսօր ծառահատումներ են տեղի ունենում:  Դրանք ապօրինի համարելով, Գեթիաշվիլին նկատում է, որ  իրականում գոյություն չունի այնքան ծառ, որ հնարավոր լինի օրենքով հատել:

«Անձրեւը սովորական երեւույթ է եւ դրանից այսպիսի  հետևանքներ չպիտի լինեն:  Ծառերն ավերված են,  դրանք այլևս չեն կատարում իրենց գործառույթը՝ այսինքն հողի պաշտպանությունը: Այսպիսի բան կարող է լինել ինչպես գյուղում, այնպես էլ քաղաքում:   Այնպիսի տարածքներում, որտեղ ջուր է հավաքվում, ծառերը ստանձնում են ջուրը կառավարելու և հողը պաշտպանելու գործառույթը»,-ասել է բնապահպանը` ցավով արձանագրելով, որ ոչ միայն Բորջոմիիում, այլև ողջ  Վրաստանի տարածքում, այնտեղ,  որտեղ ծառերը պակասել են,  հորդառատ անձրևները աղետալի հետևանքներ են ունենալու:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի երեկոյան  Բորջոմիիում մոտ կես ժամ անդադար տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով մի շարք խնդիրներ են առաջացել:  Վնասվել են տներ, առևտրի կետեր, անջատվել է էլեկտրահաղորդակցությունը, մեծ վնաս է կրել Բորջոմիի զբոսայգին:  Հորդառատ անձրևը խնդիրներ է առաջացրել նաև Բորջոմի քաղաքի կայարանում, որտեղ  ուժեղ անձրևից մի քանի ծառ է տապալվել:

Սկսվել է զբոսաշրջային գոտիներում մարդկանց տարհանումը:  Փրկարար ծառայությունը տեղեկացրել  է, որ Բորջոմիից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծծմբային բաղնիքից 20 մարդ է տարհանվել:

Շրջանի ղեկավար Դիմիտրի Կիպիանիի ղեկավարությամբ արտակարգ շտաբ է ստեղծվել,  մոբիլիզացվել են հրշեջ և փրկարար ծառայությունները, ոստիկանությունը:

Արտակարգ շտաբը պաշտոնապես հայտարարել է, որ իրավիճակն այս պահին վերահսկելի է, խուճապի պատճառ չկա:  Աղետից մարդիկ չեն տուժել և այս պահին վնասները միայն նյութական են: Արդեն  վերականգնված է Բորջոմիում աղետի արդյունքում վնասված ճանապարհային տեղաշարժը,  նաեւ բնակիչների մեծ մասի կայուն էլեկտրաէներգիան: Այս մասին «interpressnews»-ին փոխանցել են  Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:

Տեղեկացնենք, որ Բորջոմիում է գտնվում նաեւ տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին:

 

Թողնել պատասխան