Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ընթացքում ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիան ընթերցել է օրենսդիրների երդման տեքստը, որին հաջորդել է պատգամավորների՝ «Երդվում եմ» արտահայտությունը։
«Ես՝ որպես համայն Վրաստանի ներկայացուցիչ, պատասխանատվություն կրելով երկրի համար, Աստծո եւ ժողովրդի առջեւ հայտարարում եմ, որ բարեխղճորեն կիրականացնեմ խորհրդարանի անդամի իրավասություններն ու պարտականությունները, կհանդիսանամ Սահմանադրական կարգի, երկրի անկախության, միասնության եւ ամբողջականության, ժողովրդի շահերի, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, Վրաստանի անվտանգության ապահովման գրավականը»,- ասել են պատգամավորները՝ ստորագրելով երդման տեքստի ներքո:
Մինչ այդ ԿԸՀ-ի ղեկավարը ներկայացրել է հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, պատգամավորների իրավասությունների մասին անհրաժեշտ փաստաթղթերը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը, որը բացել է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Վերջինս օրենսդիրներին ասել է, որ այժմ տրված խոստումները կատարելու բոլոր հնարավորությունները կան։