Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե մարիխուանա ցանելու ակցիայի դեպքում կգործի օրենքի շրջանակներում: ՆԳՆ-ն նկատի ունի «Գիրչի» քաղաքական ուժի կողմից ամանորյա գիշերը ծրագրված ակցիան: Հիշեցնենք՝ կուսակցությունը հայտարարել է, թե դեկտեմբերի 31-ին, ամանորից մեկ րոպե առաջ, կուսակցության գրասենյակում իրենք մարիխուանա են ցանելու, նրանք հրավիրել են չափահաս կամավորների՝ միանալ իրենց: Այս կերպ «Գիրչին» նպատակ ունի ուշադրություն գրավել՝ մարիխուանայի և որոշ հոգեներգոծուն միջոցների օգտագործման օրենքը մեղմացնելու հարցի վրա։
Մասնավորապես՝ կուսակցությունն ու մի շարք մարդիկ պահանջում են չեղարկել օրենքի այն մասը, որով մարիխուանա օգտագործելու համար անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում: Կուսակցության ներկայացուցիչներն այն կարծիքին են, որ չի կարելի մարդկանց բանտ նստեցնել՝ միայն մարիխուանա ծխելու համար: Կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն ավելի վաղ հայտարարել էր, թե 500 կամավորներ պատրաստ են մասնակցել նշված ակցիային, ևս 1500-ը պատրաստակամություն են հայտնել գալ և աջակցել ակցիան անցկացնելուն: