Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին քաղաքացիական պատասխանատվություն և անձնական հերոսություն ցուցաբերելու համար Արչիլ Տատունաշվիլիին հետմահու պարգևատրել է Պատվո շքանշանով: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Պետական շքանշանը այսօր նախագահի նստավայրում անցկացվող հանդիպմանը Գիորգի Մարգվելաշվիլին փոխանցել է Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի անդամներին: Վերջիններս նախագահի հետ խոսել են գործով ընթացող հետաքննության մասին, անդրադարձել նաև մարդու իրավունքների եվրոպական դատարան Ռուսաստանի դեմ ներկայացվելիք հայցին:
Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Վրաստանը Տատունաշվիլիի հարցով ՌԴ-ի դեմ պետք է դիմի Ստրասբուրգի դատարան: Տեղեկացնում է imedinews-ը։
Հիշեցնենք՝ նախագահը պարգևատրման մասին որոշում էր ընդունել մարտ ամսին։