Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դուստրը՝ Աննա Մարգվելաշվիլին, վստահեցնում է, որ իր ընտանիքի անդամների և ընկերների վրա իրավապահ մարմինների կողմից ճնշումներ կան: Մի քանի օր առաջ նա հայտնել էր, որ ոստիկանությունը իր ընկերոջ՝ Միխաիլ Տատարիշվիլիի մոտ թմրանյութ է գցել: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Արչեվանի» հաղորդաշարի եթերում Աննան պատմել է, որ Տատարիշվիլիին մինչ ձերբակալությունը սպառնացել են բանտով և այլ տիպի ճնշումներ են գործադրել: Մարգվելաշվիլին նաև պնդում է, որ իր ընկերոջ ձերբակալությունը կատարվել է կոպիտ խախտումներով, քննության պաշտոնական վարկածները իրականության հետ ոչ մի կապ չունեն:
Նախագահական ընտանիքի նկատմամբ ճնշումների մասին առաջին անգամ խոսվեց նախորդ տարվա հուլիսին, երբ Գիորգի Մարգվելաշվիլին հայտնեց, որ իր փեսայի բնակարանում խուզարկություն է արվել՝ օրենքի կոպիտ խախտմամբ։ Ի պատասխան Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, թե իրավապահ մարմինները տեղեկություն են ունեցել՝ բնակարանում հրազենի ապօրինի պահման մասին, այդ նպատակով կատարվել է խուզարկություն տանը և մեքենայում, արդյունքում զենք այդպես էլ չի հայտնաբերվել։ Գլխավոր դատախազությունը նախագահի հայտարարության հիմքով քննություն է սկսել՝ պաշտոնական լիազորությունների հնարավոր չարաշահման մասով, որը մինչ այժմ ընթացքի մեջ է: Նախագահի դուստրն այժմ ասում է, որ բնականաբար ինքը չի դիմի իրավապահ մարմիններին, քանի որ նրանց չի վստահում: