Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ահաբեկչական գործողություն է որակել Թբիլիսիի կենտրոնում հոկտեմբերի 4-ին ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենայի պայթեցումը։ «Սա կրիմինալ պայքար է քաղաքական գործիչների, հասարակության ու ժողովրդավարական գործընթացների դեմ»,-երկրի ղեկավարը։
Մարգվելաշվիլին նշել է, որ պայթեցման կազմակերպիչներն ու իրականացնողները պատասխան են տալու օրենքի առաջ։
«Մենք պետք է կրկնապատկենք հասարակության պաշտպանությանը միտված մեր ջանքերը», — Ինգորոկղվայի հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում ասել է երկրի նախագահը: Ի դեպ, հիշյալ հիվանդանոցում են գտնվում ավտոմեքենայի պայթյունից վիրավորված անձինք: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակի մոտակայքում պայթեցվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան: Վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ին տեղափոխել են հիվանդանոց: Գիվի Թարգամաձեն պայթյունի արդյունքում չի վնասվել: