Վրաստանում գործող հայկական հոգևոր և աշխարիկ հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի խորհրդարանին, նախագահին և վարչապետին` պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ.
«1915-1923թթ. կատարված հանցագործության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր` ավելի քան 2.000.000 որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացրած` Թուրքական պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ: Դեռևս 1915թ. մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի տակ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի` ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաև 1919թ.ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ` Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը հետաքննող դատական ատյան: Դատական ատյանի աշխատանքների արդյունքում 1919թ.ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել և մահապատժի դատապարտվել: Արևմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920թ.ի Սևրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղության կոնֆերանսի արդյունքների մի մասը: 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը հիմք դարձավ հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի 1943թ. մշակած և 1948թ. ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձևի համար, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993-ի հոկտեմբերի 11-ին` Վրաստանը վավերացրել է այս կոնվենցիան: Այսօր` 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 47-ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Եվրոպական Խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը և այլն: Մենք` ներքոստորագրյալ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպություններս, հանուն արդարության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի հանրապետության քաղաքացիների կամքը և Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը»:
Հիշեցնեք, որ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպություններն արդեն 11-րդ անգամ են դիմում երկրի իշխանությանը 1915-23թթ. Ցեղասպանության փաստի` Վրաստանի կողմից պաշտոնական ճանաչման խնդրանքով: Մինչդեռ, չնայած բազմաթիվ դիմումներին, Վրաստանի իշխանությունն ամեն կերպ անտեսում է երկրի բնակչության ընդհանուր քանակի ավելի քան 6% կազմող իր քաղաքացիների կամքը: 1915-23թթ. Ցեղասպանության փաստի ճանաչման հարցի քննարկումները Վրաստանում սկսելու կոչով Խորհրդարանին ուղղված դիմումը ստորագրել են՝ Վիրահայոց Թեմը, Վրաստանի Հայ Համայնքը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակութաուսուցողական կենտրոնը, Սամցխե-Ջավախքի Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը, Աջարիայի Հայերի Միությունը, Վիրահայերի Միությունը:
Վրաստանի հայ համայնքի մամլո դիվան