«Կարծում եմ՝ վաղը Եվրախորհրդարանը կողմ կքվեարկի Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու որոշմանը»,-Բրյուսելում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանն ասել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Դեվիդ Մակալիստերը:
«Վաղը Վրաստանի համար պատմական օր է: Դրա համար երկու կողմերն էլ մեծ աշխատանք են տարել»,- հայտարարել է Մակալիստերը:
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, հանդիպման ընթացքում կարևորվել է Վրաստանի-Եվրամիություն սերտ համագործակցությունը: Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի առանց վիզային մուտք գործելու որոշումը Եվրամիությանն ու եվրոպական ընտանիքին մոտենալու ուղղությամբ ևս մեկ կարեւոր քայլ է: Կոբախիձեն եվրոպական կառույցներում ինտեգրման գորղընթացում ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին, շնորհավորել Մակալիստերին՝ կառույցի ղեկավար նշանակվելու կապակցությամբ:
Հիշեցնենք՝ փետրվարի 2-ին Եվրախորհրդարանում քվեարկության կդրվի Վրաստան-ԵՄ վիզային ռեժիմի չեղարկման հարցը։