Վրաստանի կառավարությունը վրաց-աբխազական սահմանին սպանված Գիգա Օթխոզորիայի ընտանիքին բնակարան կհատկացնի: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի Օկուպացված տարածքներից տեղահանվածների և փախստականների վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին:
Նրա խոսքով, կառավարության կողմից առաջարկ է եղել Օթխոզորիայի բազմազավակ ընտանիքին բնակարան նվիրել Զեստաֆոնի քաղաքի նորակառույց շենքում, սակայն ընտանիքի անդմները նախընտրել են սեփական տուն:
Հիշեցնենք որ Օթխոզորիան սպանվել էր մայիսի 19-ին վրաց-աբխազական սահմանի՝ վրացական կողմից վերահսկվող տարածքում, Աբխազիայի սահմանապահների կողմից:
Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ միջադեպի պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է ռուսական կողմը և ձեռնամուխ էր եղել վրաց-աբխազական սահմանին պաշտպանության ուժեղացմանը: Իսկ ԱՄՆ-ը կոչ էր արել նման դեպքերի կանխարգելման նպատակով սկսել վրաց-աբխազական հանդիպումներ: