Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում մասնակցել ամերիկացի սենատոր, Վրաստանի ազգային հերոս Ջոն ՄըքՔեյնի հուղարկավորությանը։
Այս մասին տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ Վրաստանի մեծ բարեկամի հուղարկավորությանը ներկա չեն գտնվելու նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Ըստ լրատվամիջոցի, իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները նշված թեմայով մեկնաբանություններ չեն արել:
Ընդդիմության կարծիքով, հուղարկավորությանը պաշտոնատար անձանց չմասնակցելը Վրաստանի համար ամոթալի կլինի:
«Ամոթալի կլինի, եթե Ջոն ՄըքՔեյնի հուղարկավորությանը ոչ մի պաշտոնատար անձ ներկա չգտնվի: Նա այս երկրի ազգային հերոսն է»,-հայտարարել է «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Իրակլի Կիկնավելիձեն:
Ընդդիմադիրները Վրաստանի իշխանություններից պահանջում են պատվիրակություն ուղարկել ՄըքՔեյնի հուղարկավորությանը:
«Պատվիրակության մեկնումը պարտադիր է: Մենք դրանով գնահատում ենք սենատորի քայլերը մեր երկրի նկատմամբ»,-հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիորգի Բարամիձեն:
Հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը կյանքից հեռացել է 81 տարեկան հասակում, նա վերջին երկու տարիներին պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Լրատվամիջոցները հղվելով սենատորի ընտանիքի տարածած հայտարարությանը, գրում են, որ ՄըքՔեյնը օրեր առաջ հրաժարվել է հետագա բուժումից։