Վլադիմիր Սարգսյանը ծնվել ու ամբողջ կյանքն ապրել է Աղքյորփիում: Հարազատ գյուղը լքելու մասին մտքով անգամ չի անցել: Մեկնել է ընդամենը երեք տարով՝ Երևանում ուսանելու համար: Այսօր 62-ամյա աղքյորփեցին ցավով է ասում, որ իր հարազատ գյուղը՝ Վրաստանի «ժեմչուժինան» «այս ու այն կողմից» լքված է:
«Էն կողմում (խմբ.՝ նկատի ունի հայկական կողմը) տամոժնյան կա, բայց ճամփա չկա, էս կողմում էլ նույնը: Ծննդկանին մինչև հասցնում ենք Մառնեուլ, մեքենայի մեջ երեխաները ծնվում են: Ուրիշ մեծ պրոբլեմներ չկան, ոչինչ, ապրում ենք»:
Վլադիմիր Սարգսյանը համոզված է՝ ճանապարհներն ասֆալտապատելուց հետո շրջկենտրոնի ու մայրաքաղաքի հետ Աղքյորփիի կապը հաստատուն կլինի, մարդիկ հնարավորություն կունենան բերքն առանց խնդրի իրացնել, ապրելը` հեշտ կդառնա: Արտադրություն հիմնելն էլ չէր խանգարի, ասում է, որ գյուղի երիտասարդներն աշխատանք կունենային:
«Ահավոր է». Մեկ բառով Հայաստանին սահմանակից գյուղի վիճակը բնութագրում է 25 տարի Աղքյորփիի հիվանդանոցում աշխատած բուժքույրը: Լաուրա Պետրոսյանը երանությամբ է հիշում խորհրդային միության տարիները, երբ Աղքյորփիում կյանքը եռում էր, գյուղն ապահովված էր.
«Հիմա ոչ աշխատատեղ ունենք, ոչ ճանապարհ, երիտասարդությունն ով կարողանում է, լքում-գնում է, ով մնում է՝ չգիտի ինչ անի: Առողջ, երիտասարդ մարդիկ պարապ են: Թոռնիկս երկու տարի անց դպրոցը կավարտի, չգիտենք՝ Հայաստան, թե` Վրաստան: Կապը դրսի հետ եթե վերականգնվի, մեզ մոտ շատ բան կփոխվի»:
Նախադպրոցական կրթությունը գյուղի երազանքների շարքից է: Աշխատանք ունենալու հույսերը մարել է նաև մանկապարտեզի նախկին աշխատակից Կարինե Ռևազյանի մոտ, երբ մոտ երկու տասնամյակ առաջ փակվեց գյուղի մանկապարտեզը: Այսօր նա գյուղի ապագան մշուշոտ է տեսնում. «Կենսաթոշակ դեռ չեմ ստանում, աշխատանք էլ արդեն չունեմ, ինչո՞վ ապրենք: Առողջ մարդիկ ենք, աշխատել ենք ուզում, արարել ու վայելել: Առանց այդ էլ շրջանից կտրված ենք»:
Այս հարցերը գյուղապետին տալու համար գյուղապետարան դիմեցինք: Թբիլիսաբնակ, ազգությամբ վրացի գյուղապետը գյուղացիների ասած՝ «անկանոն» գրաֆիկով է գալիս: Այսօր բախտներս չբերեց` գալու օրերից չէր: Մայրաքաղաքից հեռախոսով մեզ հորդորեց ամբողջ տեղեկատվությունը շրջկենտրոնից ստանալ:
Այդպես էլ անպատասխան մնացին բազում հարցեր, օրինակ՝ խորհրդային միությունից այս կողմ ասֆալտ չտեսած ճանապարհների վերանորոգման ի՞նչ հեռանկարներ կան, նոր բյուջեով նախատեսվա՞ծ է արդյոք մանկապարտեզի բացման հարցը, ինչ ներդրումային ծրագրերի հույս կարող է ունենալ Աղքյորփին, և այլն:
Առաջիկայում սպասում ենք նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարության թույլտվությանը՝ Աղքյորփիի դպրոցի ներսում նկարահանումներ անցկացնելու համար: Շուտով կանդրադառնանք նաև կրթօջախի խնդիրներին:
Նյութի հեղինակներ՝ Աննա Պեչենևսկայա, Աղաբեգ Սիմոնյան