Նոյեմբերի 25-ին Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի նորանշանակ պետ,բրիգադի գեներալ Վլադիմեր Չաչիբաիան ներկայացրել է իր նոր 3 տեղակալներին: Առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է գնդապետ Նիկոլոզ Ջանջգավան:
Նա համակարգելու է գործընկեր պետությունների հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Գնդապետ Նիկոլոզ Ջանջգավան պատասխանատու է լինելու Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր փաթեթի (Substantial NATO-Georgia Package) իրականացման և կրթական ուղղության համար: Նա ներգրավվելու է նաև Վրաստանի պատրաստության ծրագրին (Georgia`s Readiness Program— մեկնարկելու է 2017թվականից) և համակարգի տարբեր զորավարժություններ և միջազգային միջոցառումներ»,— տեղակալներին ներկայացնելու ժամանակ հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը:
Երկրորդ տեղակալ է նշանակվել գնդապետ Զազա Չխեիձեն, ով պատասխանատու է լինելու ԳՇ «J» դեպարտամենտների համակարգման համար, այդպիսով օգնելու է ԳՇ պետին որոշումներ կայացնելու հարցում:
Մյուս տեղակալ է նշանակվել գնդապետ Շալվա Ջաբախիձեն: Նա զբաղվելու է լոգիստիկ աջակցությամբ,մարտական պատրաստվածության ապահովմամբ, ինչպես նաև մանևրերի հարցերով:
Նշենք, որ գնդապետ Ջանջգավան ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը: Սովորել է ԱՄՆ բանակի Գլխավոր շտաբի ակադեմիայում: Մինչև ներկա պաշտոնին նշանակվելը եղել է ԳՇ օպերատիվ դեպարտամենտի պետը: Նա Վրաստանի զինված ուժերում ծառայում է 1992 թվականից:
Գնդապետ Զազա Չխիաձեն սովորել է Վրաստանի պաշտպանության նախարարության միացյալ ակադեմիայում, ԱՄՆ բանակի քոլեջում: Մինչև ներկա պաշտոնին անցնելը ղեկավարել է ԳՇ հետախուզության դեպարտամենտը (J-2): Ծառայում է Վրաստանի զինված ուժերում 1994 թվականից:
Գնդապետ Շալվա Ջաբախիձեն սովորել է Վրաստանի ՊՆ միացյալ ակադեմիայում: Մասնակցել է մի շարք դասընթացների արտասահմանում: Մինչև այս նշանակմանն անցնելը 2016 թվականի մարտի 7-ից ղեկավարում է ԶՈւ Արևմտյան հրամանատարությունը: 2006-07թթ. մասնակցել է Իրաքում խաղաղապահ առաքելությանը: