«Չնայած նրան, որ հայտնաբերված ցիանիդի ծավալը փոքր է, դրանով հնարավոր էր մի քանի մարդ սպանել»,- այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գաբիտաշվիլին` «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում: Ինչպես հայտարարել է Գաբիտաշվիլին, այս պահին հետաքննության կողմից պարզվել է, որ հանցագործության դրդապատճառ է հանդիսանում շահը:
Գիորգի Գաբիտաշվիլիի խոսքով, հետաքննությունը հայր Գիորգի Մամալաձեի վերաբերյալ փաստեր է առաջ բերել. «Գործում կան վկաների ցուցմունքներ, որոնք մատնանշում են, որ մեղադրյալը պատրաստ է եղել հանցագործության համար: Նատրիումի ցիանիդը, որը հայտնաբերվել է Մամալաձեի պայուսակում, վտանգավոր է մարդու կյանքի համար»,- հայտարարել է Գաբիտաշվիլին:
Գլխավոր դատախազի տեղակալը նշել է նաեւ, որ դատախազության տարածած հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:
«Խոսքը մեկ անձի մահափորձի մասին է: Մենք չենք նշել, որ հնարավոր է դա լինի բարձրաստիճան հոգեւորական, ինչը հետաքննության այս փուլում եւս չենք կարող հաստատել, կամ` բացառել: Այս պատճառով հետաքննությունն ընթանում է մի քանի ուղղությամբ»,- հայտարարել է Գաբիտավիլին: