Վրաստանի բանտարկյալները ԲՈՒՀ ընդունվելու իրավունք կստանան

 

Վրաստանում  դատապարտյալները կարող են բարձրագույն կրթություն ստանալ:  Խոսքը ակադեմիական առաջին շեմի` բակալավրի մասին է: Բարձրագույն կրթության իրավունք կունենան այն դատապարտյալները, որոնց պատժի ժամկետը լրանում է, կամ ովքեր մեղավոր են ճանաչվել ոչ ծանր հանցագործություններով: Օրենսդության փոփոխությունների փաթեթն արդեն մշակվում է  Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարության կողմից: Տեղեկատվությունը ևս Նախարարությունն է տարածել: Եթե Կառավարությունը հավանություն տա, օրինագիծը կուղարկվի խորհրդարանի հաստատմանը:

ԲՈՒՀ  ընդունվելու համար դատապարտյալները  մնացած դիմորդների նման պետք է պետական միասնական քննություն հանձնեն: Դատվածներին  կրթելու պատրաստ ուսումնական հաստատությունների ցանկը հայտնի կդառնա ավելի ուշ:  Առայժմ պարզ չէ նաև, թե ուսումնառության գործընթացն ինչպես է կազմակերպվելու` բանտերում, թե ԲՈՒՀ հաճախելու իրավունք կունենան: Այս պահին բոլոր բանտարկյալները  միայն միջնակարգ և մասնագիտական կրթություն ստանալու  իրավունք ունեն: Բացի դրանից, բանտերում հասանելի են ուսման կարճաժամկետ կուրսեր, որոնց ավարտին բանտարկյալները համապատասխան վկայական են ստանում:

Ներկայումս տարբեր կրթական ծրագրերում ներգրավված է 1000-ից ավելի բանտարկյալ: Բացի այդ, մինչ այս պահը նրանք հնարավորություն են ունեցել պետական միասնական քննություն հանձնել, սակայն բարձրագույն կրթության իրավունք ստացել են պատիժը կրելուց հետո միայն:

Թողնել պատասխան