Վրաստանի կառավարությունը մեկնարկում է 4 կետից բաղկացած բարեփոխումների ծրագիրը՝ առաջինը սկսելով կրթական ոլորտի փոփոխություններից։ Դեկտեմբերի 27-ին ներկայացվել է ծրագիրը, որին ծանոթացել է նաև երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը ողջունելով ներկա աշակերտներին, մանկավարժներին, դասախոսներին և ոչ կառավարական ոլորտի ներկայացուցիչներին՝ որպես բարեփոխումների մասնակիցների, հաջողություն է մաղթել ծրագրի իրականացման գործում: Տեղեկացնում է «frontnews.ge» լրատվականը:
Կառավարության ղեկավարը ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումները նպաստելու են երկրի զարգացմանը։
«Կրթությունը առաջընթացի և զարգացման գրավականն է, առանց որի անհնար է հասնել նշանակալի հաջողությունների: Մեր առջև ծառացած գրեթե բոլոր խնդիրների լուծումները պետք է գտնել կրթության ոլորտում: Վրաստանը պետք է դառնա բարձրագույն կրթության, գիտության և հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն»,-նշել է վարչապետը՝ վստահեցնելով, որ այս ամենի համար Վրաստանը բավականաչափ ներուժ ունի:
Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև Քութայիսիի ուսանողական քաղաքի կառուցմանը՝ նշելով, որ այն որակապես փոխելու է Վրաստանում կրթություն ստանալու հնարավորությունները: