Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտան մարդաշատ էր ողջ օրվա ընթացքում, . փողոցի ողջ երկայնքով տրանսպորտի երթևեկությունն արգելված էր:
Ցուցադրության էր հանվել վրացական արտադրանքը, կազմակերպվել էին տարբեր խաղեր, ներկայացումներ, երաժշտական ծրագրեր և այլն:
Միջոցառման էպիկենտրոնը Ազատության հրապարակն էր, որտեղ ընթանում էր նորակոչիկների երդման արարողությունը: Վրաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդունելով այն, հայտարարեց, որ Վրաստանն ուղիղ 25 տարի առաջ բռնեց անկախությունից դեպի ազատություն ճանապարհը:
«Շարժվել դեպի ազատություն` նշանակում է ստեղծել մի հասարակություն, որտեղ ամեն ոք ազատ է: Սակայն ազատ է նա, ով իր ազատությունից զատ ընդունում ու հարգում է մյուսների ազատ ապրելու իրավունքը: Պետք է ունենանք մի երկիր, որտեղ պաշտպանված է յուրաքանչյուրիս ազատությունը: Տարին հայտարարել եմ եվրոպական պետության տարի, քանի որ հավատում եմ, որ մեր եվրոպական ինքությունն ու մշակույթը կարող ենք այս տարի լիովին ներդնել մեր երկրում»,- նշել է Մարգվելաշվիլին:
Անկախության օրվա կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից շնորհավորական ուղերձներ են ստացվում: Հատկանշական է, որ Լիտվայի ու Լատվիայի արտգործնախարարները Վրաստանի քաղաքացիներին տոնի առիթով շնորհավորել են վրացերենով:
Բելգիայի հայտնի «Միզող տղայի» (Manneken Pis) արձանն այսօր զարդարվել է վրացական ազգային տարազով: Վրաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ երկրի դիվանագիտական ներկայացուցիչները տարբեր երկրներում իրականացրած միջոցառումներով ընդգծել են օրվա կարևորությունը: