Վրաստանը կհրաժարվի ռուսական «Գազպրոմ» ընկերությունից բնական գազ ձեռք բերելու գաղափարից: Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ մինչև տարեվերջ ռուսական գազ ձեռք բերելու ոչ մի պայմանագիր չի ստորագրվի:
Ապրիլից Վրաստանը փաստացի ամբողջովին անցնում է ադրբեջանական գազի օգտագործմանը: Բնակչության և կազմակերպությունների գազամատակարարը ՍՈԿԱՐ-ն է, տարեկան Վրաստանը կներմուծի 2,457 մլրդ խորանարդ մետր գազ:
Վերջին տարիներին ռուսական գազը կազմում էր երկիր ներմուծված գազի տասը տոկոսը: Սա Վրաստանին տրամադրվում էր երկրի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցելու դիմաց: Նախորդ տարի Ռուսաստանը Հայաստան 2,1 մլրդ խորանարդ մետր գազ է ուղարկել, որից 0,3 մլրդ-ը մնացել է Վրաստանում: Նոր պայմանագրով «Գազպրոմ»-ը Վրաստանին վճարում էր խառը՝ մասամբ հումք, մասամբ գումար սկզբունքով: 2018թ․-ից Վրաստանն ընդհանրապես հումք չի ստանա, փոխհատուցման հաշվարկն արվելու է բացառապես գումարով: Պայմանագրի մի մասը չհանրայնացվեց՝ չնայած ընդդիմության և Վրաստանի ՀԿ-ների (Վրաստանի կառավարությանը 80 ՀԿ է դիմել) պահանջին: Էներգետիկայի նախարարությունը մերժումը հիմնավորեց կոմերցիոն գաղտնիքի փաստով: