Մենք շարունակում ենք Վրաստանին նախապատրաստել անդամակցության համար: Վրաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա գնահատմամբ, ՆԱՏՕ-ն Վրաստանի կարևորագույն գործընկերներից է:
«10 տարի է անցել Վրաստան-ՆԱՏՕ-ի հանձնաժողովի առաջին հանդիպումից: Այդ ընթացքում մեր գործընկերությունն ավելի ամուր է դարձել: Մենք Վրաստանին շնորհակալ ենք Աֆղանստանի խաղաղարար առաքելություններում մասնակցություն ունենալու համար: ՆԱՏՕ-ն նպաստում է Վրաստանի պաշտպանության ոլորտում արվող բարեփոխումներին: Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Դաշինքի առաջնորդները այս մասին երեկ հաստատեցին: ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ներառելով Աբխազիան և Հարավային Օսիան»,- Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում interpressnews-ը:
Ստոլտենբերգը չի մանրամասնել, թե երբ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն ընդգծել է, որ ամեն ինչ արվում է, որ դա տեղի ունենա սեղմ ժամկետներում։
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր հերթին ասել է, որ վրաց ժողովուրդն արժանի է ՆԱՏՕ-ի անդամակցությանը։