«Երբ ես Վրաստան գնացի, այն ծաղրանկարային երկիր էր, որտեղ ժողովուրդը գիտեր պարել, խաղալ, կենացներ ասել և ուրիշ ոչինչ: Հիմա Վրաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր է»:Նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` ուկրաինական «Чернівецький Промінь» հեռուստաալիքի եթերում: Սահակաշվիլին գտնում է, որ ուկրաինացիները վրացիներից վատը չեն, հակառակը, ավելի օրինապաշտ են և աշխատասեր:
«Բարեփոխումների համար ավելի բաց են, քան այն ժամանակին վրացիները: Հիմա սերունդ է փոխվել, և հետխորհրդային սերունդը տարբեր է: Երբ ես այնտեղ(Վրաստան) գնացի, Վրաստանը ծաղրանկարային երկիր էր, որտեղ մարդիկ գիտեին պարել, խաղալ, կենացներ ասել և ուրիշ ոչնինչ: Այժմ Վրաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր է: Իմ կողմից կառուցված գործարանից այս տարի արտահանվել է 700 մլն դոլարի զենք: Հետաքրքիր նախաձեռնություններ են հայտնվում նաև տարբեր այլ ոլորտներում: Վերջին տվյալներով` կոռուպցիայի ամենացածր ցուցանիշն ունի Արևելյան Եվրոպայում: Սա այն ժամանակ, երբ Ուկրաինան ամենակոռումպացվածն է: Ուկրաինայում մարդիկ ավելի են պատրաստ բարեփոխումներ անել, քան այն ժամանակ մենք էինք պատրաստ»,-հայտարարել է Սահակաշվիլին:
Վերջինս գտնում է, որ երբ Ուկրաինայում նորմալ իշխանություն կլինի, երկիր կայցելի 30-40 միլիոն զբոսաշրջիկ:
«Ուկրաինայում զբոսաշրջությունը ներուժի աճի գլխավոր աղբյուրներից է: Վրաստանում այժմ սարսափելի իշխանություն է, սակայն բոլոր ինստիտուտները աշխատում են, և իմ շնորհիվ զարգացած զբոսաշրջությունը երկրի տնտեսության կարևոր բաղադրիչներից է: Այստեղ զբոսաշրջության հսկայական ներուժ կա: Զբոսաշրջությունը պատմության, մշակույթի, զարմանալի խոհանոցի կարիքն ունի»,- հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին: