Հուլիսի 23-ին նշվեց Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը նշվող տոնը Ժողովրդի շրջանում առավել հայտնի է Վարդավառ անվամբ: Տոնը նշվեց նաեւ Թբիլիսիի եկեղեցիներում: Քրիստոսի Պածառակերպության տոնի խորհրդի մասին պատմում է Թբիլիսիի սբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
«Այսօր նշում ենք տարվա տաղավար երրորդ տոնը: Ավետարանական պատմությունից հայտնի է, որ Հիսուս Քրիստոսն իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Թադեւոսի եւ Հովհաննեսի հետ բարձրացավ սբ Լեռ եւ այնտեղ աղոթելիս պայծառակերպվեց, այլակերպվեց»։
Ինչ վերաբերում է Վարդավառին, որի ընթացքում մարդիկ ջուր են լցնում միմյանց վրա, ըստ Տեր Սամվելի, եկեղեցին նման ծեսերին ոչ կողմ է ոչ էլ դեմ. «Ժողովուրդն այս ավանդույթը պահպանում է շատ հին՝ նախաքրիստոնեական ժամանակներից»,-«Ալիքի» հետ զրույցում ասում է նա:
Հին ժամանակներում հայ ժողովուրդը Վարդավառի տոնը կապում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Տոնը նշվում էր մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորույթը պահպանվել է նաև մեր օրերում։
Տոնը նշվեց Թբիլիսիի առաջնորդանիստ սբ Գեւորգ եւ սբ Էջմիածին եկեղեցիներում: «Ալիքի» նկարահանող խումբն այցելեց սբ Գեւորգ եկեղեցի, որի բակում տեղադրված էր ջրով լի լողավազան: Եկեղեցում մատուցված պատարագից հետո, սկսվեց օրվա ամենաուրախ պահը: Իրար ջրում էին անգամ տոնի կապակցությամբ եկեղեցի այցելած քաղաքական գործիչները՝ Թբիլիսիի խորհրդարանի եւ ավագանու ներկայացուցիչները:
Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանու) անդամ Մամուկա Ախվլեդիանին «Ալիքի» հետ զրույցում նշեց. «Վրաստանը միշտ եղել է հանդուրժողական երկիր եւ խորհրդանշական է, որ այս տոնը համընկնում է նույն օրը կազմակերպված հանդուրժողականության համար մղվող պայքարի հետ»։
Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով հայ ժողովրդին շնորհավորեց նաեւ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Էլենե Խոշտարիան: «Շնորհավորում եմ բոլորի Վարդավառը։ Սա շատ դրական եւ պածառ տոն է, ուրախ եմ, որ այն միասին ենք նշում»,- ասաց Խոշտարիան:
Օրվա ընթացքում եկեղեցու ներկայացուցիչները հյուրասիրեցին ներկաներին: