Թբիլիսիի Տաբիձե փողոցի թիվ 20 հասցեում է գտնվում Միջմշակութային հարաբերություների զարգացման կենտրոնը՝ «Կովկասյան տունը»:
Ազնվական Սմիրնովների տանը գործող կազմակերպությունը այսպես ասած` ժողովրդական դիվանագիտության դեր է ստանձնել` կովկասյան ժողովուրդների փոխհարաբերությունների հարցում. Կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ` մեկ հարկի տակ հավաքելով ինչպես Վրաստանում ապրող տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչների, այնպես էլ Կովկասի տարբեր անկյուններից Թբիլիսի ժամանողներին:
Կովկասյան տանը մեզ դիմավորեց հայկական հարցերով զբաղվող աշխատակիցը` թբիլիսահայ Վիկտորյա Մաքսոևան, ում շատերը անվանում են տան «հայկական դեսպան»:
Ալիքի հետ զրույցում նա ներկայացրեց իր գործունեության բնույթը, ընդգծելով, որ այն սկսել է լրագրությունից.
«Ես աշխատում էի Կովկասյան տան կողմից հրապարակվող` «Кавказский акцент» թերթում: Այնուհետև տան ղեկավար Նաիրա Գելաշվիլիի հրավերով սկսեցի աշխատել Կովկսյան տան հայկական բաժնում: Հիմնականում մշակութային միջոցառումներ եմ կազմակերպում, օրինակ հուշ երեկոներ նվիրված Պարույր Սևակին, Չարենցին, Կոմիտասին…»:
Մաքսոևան ընդգծեց, որ Կովկասյան տունը համագործակցում է Վիրահայոց թեմին կից գործող` «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ.
«Հայարտան հետ բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել: Հայ համայնքը շատ արագ բարեկամացավ Կովկասյան տան հետ: Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ ակտիվորեն համագործակցում էինք հատկապես Հրաչյա Սիլվանյանի և Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ: Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, որոնք մեծ արձանաքների են արժանացել»:
Վիկտորիա Մաքսոևան ղեկավարում է նաև «Ագորա Ջորջիա» կազմակերպությունը: Նա «Ալիքին» պատմեց, թե ինչպես է առաջացել առանձին կազմակերպություն հիմնելու գաղափարը.
«Կովկասյան տան հայկական բաժնում պարբերաբար հավաքվում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` հույներ, գերմանացիներ, մերձբալթյան երկրների քաղաքացիներ և Թբիլիսիում ապրող տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Նրաք ինձ կոչ էին անում, որ ես ինձ դրսևորեմ նաև որպես ինքնուրույն գործիչ: Հենց այդպես էլ ծագեց «Ագորա Ջեորջիա»-ի ստեղծման գաղափարը և մինչ օրս փորձում եմ աշխատել: Փառք աստծո, ծանր պայմաններում գործընկերներս միշտ աջակցում են»:
Մաքսոևան հեղինակել է Հայաստանում ապրող վրացական համանքի մասին պատմող վավաերագրական ֆիլմը, որը իրականություն է դարձել Կովկասյան տան, եվրոպական «Հորիզոն» հիմնադրամի ու Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհանես Մանուկյանի աջակցությամբ: Ֆիլմը ներկայացվել է Վրաստանի Մշակույթի նախարարությունում.
«ֆիլմը Հայաստանում ապրող վրացիների մասին է: Ինչպես են նրանք ապրում, ունեն արդյոք համայնքային կազմակերպություններ և ինչպիսի հարաբերություններ հայերի հետ: Այս ամենը պետք էր ցույց տալ, կոտրելու համար այստեղ ձևավորված այն կարծրատիպը, թե Հայաստանում չկան այլ ազգերի ներկայացուցիչներ: Ինձ թվում է մեզ հաջողվեց դա անել: Բացի այդ մենք մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում ապրում են նաև ազգությամբ հրեաներ»:
«Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրություն» ցուցահանդեսը նույնպես նախաձեռնել էր Մաքսոևան` սկզբում այն ներկայացնելով Երևանում, այնուհետև և Թբիլիսում: Այն կազմված է թբիլիսահայ լուսանկարիչ Յուրի Ակուլյանի գործերից:
«Բազմաթիվ դրական արձանգանքներ ստացանք: Հանդիսատեսը ծանոթացավ Վրաստանում հայ համայնքի պատմության տարբեր փուլերին: Իհարկե, մենք խոսում ենք Մանթաշովի, Թումանյանի մասին, սակայն աշխատում ենք չմոռանալ նաև ժամանակակիցը` այն ևս արձանագրելով մեր պատմության մեջ»:
Թբիլիսիում ծնված Մաքսոևայի նախնիները Հայոց Ցեղասպանությունը վերապրածներ են, և նրա գերդաստանի պատմությունը տեղ է գտել խիզախ մարդկանց մեծարելու նպատակով վերջերս ստեղծված «100 կյանք» համաշխարհային նախագծում:
Վիկտորիա Մաքսոևան հատկապես բարձր է գնահատում Եղեռնի առընչությամբ Հռոմի պապի արած հայտարարությունները, և նա իր շնորհակալությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հայտնել է յուրօրինակ ձևով.
«Հռոմի պապի հայտարարություններում հստակ երևում է նրա դիրքորոշումը ցեղասպանության նկատմամբ: Մենք մի տեսահոլովակ ենք նկարել «Պանիս անջելիկուս» անվամբ, որում հանդես են գալիս հայ և վրացի երգիչները: Նաև նամակ ենք ուղարկել Հռոմի պապին, ով ի պատասխան օրհնել է մեզ, ու ողջունել նախաձեռնությունը»:
Մեր զրուցակցի հետագա ծրագրերը նույնպես կարևոր առաքելություն ունեն.
«Կցանկանայի ևս մեկ ֆիլմ նկարել, որն ուղղված կլինի հատկապես վրաց հասարակությանը: Կարծում եմ` հայ համայնքն այսօր վրացական միջավայրում իր մշակույթը ներկայացնելու խնդիր ունի»:
Զրույցի ժամանակ պարզեցինք նաև, որ Մաքսոևան նաև գրում է. Բանաստեղծություններն արդեն հրատարակվել են մի քանի գրքերում: Վերջերս Ռուսաստանում կայացած Սլավոնական գրական համաժողովին նրա «Լիբանանյան Մայրիները» (Ливанские кедры) գիրքն արժանացել է «ոսկե դիպլոմ» մրցանակին.
«Հատկանշական է, որ այնտեղ ես հանդես եկա Վրաստանի անունից, իմ կարծիքով դա պետք է գնահատվի Վրաստանի կողմից: Այս պահին թվով երրորդ վեպի վրա եմ աշխատում և հույս ունեմ, որ այն պատրաստ կլինի արդեն հաջորդ տարի»:
Վերջում Կովկասյան տան «հայկական դեսպանը» մեզ ծանոթացրեց տարածքի հետ. այստեղ է գտնվում Սմիրնովների թանգարանը, որը իրավաբանական մի շարք խնդիրների պատճառով 2010 թվականից չի գործում, եղանք նաև Կովկասյան տան հանդիսասրահում, այգում և գրասենյակի այլ անկյուննեում: