Ուժեղ ձնաբքի և սահմանափակ տեսանելիության պատճառով Վերին Լարսը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ Այս մասին ասված է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տարածած հայտարարությունում:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է նաև, որ ժամանակավորապես արգելվում է նաև Դարիալիի կիրճում՝ ճանապարհի 134-135կմ հատվածում, մեքենաների կայանումը: Այդ մասում ոստիկանությունը վերահսկողություն է իրականացնում: