
Խորհրդարանում իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ՝ վարչապետի հրաժարականը կապ չունի Ռուսթավելիի պողոտայում վերջին օրերին զարգացած իրադարձությունների հետ:
Լրագրողների հետ զրույցում Մդինարաձեն ասել է, որ վարչապետի պաշտոնանկության հիմնական պատճառը տնտեսական հարցերն են:
«Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ճիշտ քաղաքականություն էր վարում, սակայն նոր էներգիան երբեք վատ չէ: Թիմը միշտ թարմության կարիք ունի և պետք է կարողանա համարժեք պատասխան տալ այն մարտահրավերներին, որոնք վերջին ժամանակահատվածում անցկացված հետազոտությունները ցույց տվեցին»,- նշել է Մդինարաձեն:
Խմբակցության ղեկավարը կարծում է, որ վարչապետի թեկնածուին ներկայացնելու համար խորհրդարանական մեծամասնությանը մեկշաբաթյա ժամկետ անհրաժեշտ չի լինի և որոշումն ավելի վաղ կկայացվի։