Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին առաջարկում է մեդիա օմբուդսմենի պաշտոն ստեղծել ԶԼՄ-ների մոնիթորինգի համար:
«Ես նախաձեռնությամբ եմ հանդես գալիս՝ ներդնել մեդիա օմբուդսմենի ինստիտուտ, ուր կհրավիրվեն աշխարհում ամենաբարձր հեղինակություն ունեցող լրատվամիջոցների իրավապաշտպաններ: Ես հրապարակավ հրավիրում եմ մեդիափորձագետների և միջազգային մակարդակի մասնագետների, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցել են իրենց պրոֆեսիոնալությունը»,- ասել է վարչապետը՝ կառավարության նիստի ընթացքում՝ նշելով, որ մեդիա օմբուդսմենը պետք է պարբերաբար մոնիթորինգ իրականացնի՝ այդ թվում նաև «Ռուսթավի 2»-ի հարցով:
Գործող իշխանությունները հետաքրքրված են խոսքի և արտահայտվելու ազատության պահպանմամբ, բազմակարծության ապահովմամբ՝ վստահեցրել է Կվիրիկաշվիլին՝ ընգծելով, որ կարևորում է ազատ դատական համակարգի գոյությունը և անթույլատրելի է համարում դատական գործընթացներում միջամտությունը:
Կվիրիկաշվիլին ասել է, թե Վրաստանի իշխանությունները հարգում են եվրոպական կառույցների որոշումները, խորհրդատվություններն ու կարծիքը։
«Հենց այսպես ենք մենք վերաբերվում Ստրասբուրգի դատարանի՝ «Ռուսթավի 2»-ի որոշմանը: Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք գործով ենք ապացուցել ժողովրդավարական արժեքների նկատմամբ մեր միաբանությունը»,-ասել է վարչապետը։