Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի որոշմամբ, մետրոյի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով աշխատանքից կհեռացվեն կայարանի առաստաղի շինարարության մրցույթում ներգրավված բոլոր անձինք: Այս մասին Կալաձեն հայտարարել է քաղաքի կառավարման նիստին:
Ըստ քաղաքապետի՝ խախտումներ են եղել նախագծային աշխատանքներից սկսած:
«Օրեր առաջ «Վարկեթիլի» մետրոկայարանում փլուզվեց առաստաղը: Ցավալի է, որ այդ ամենի հետևանքով տուժել են մեր քաղաքացիները: Մենք ուսումնասիրել ենք դեպքի հետ կապված բոլոր մանրամասները և կցանկանայի նշել, որ շինարարական աշխատանքների ընթացքում բազմաթիվ խախտումներ են գրանցվել: Մասնավորապես, նախագծային աշխատանքների հանձնումն ու ընդունումը տեղի է ունեցել առանց տեխնիկական հետազոտության: Գիտենք, որ վերոնշյալի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, այնուամենայնիվ, Վրաստանի տրանսպորտային ընկերության ղեկավար Մամուկա Կոբախիձեին կխնդրեի, որ անհապաղ ազատեր աշխատանքից մրցութային գործընթացում ներգրավված բոլոր անձանց»,-ասել է Կալաձեն:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի մետրոյի «Վարկեթիլի» կայարանում հունվարի 30-ին փլուզվել էր առաստաղը, ինչի հետևանքով 14 քաղաքացի մարմնական տարբեր վնասվածքներ էր ստացել: